ՀՀ Ազգային հերոս, Արցախի հերոս ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ նոյեմբերի 25-ին կդառնար 56 տարեկան: Այս տարելիցի առթիվ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեր ազգի նվիրյալ նահատակի հիշատակը ոգեկոչելու էին հավաքվել հայ մշակույթի ամենապայծառ դեմքերն ու Մոնթեի անմահությունն իրենց հոգում փայփայող հայ հասարակությունը:
Մոնթեն ներկա էր ամենուր ու երեկոյի հուզառատ ընթացքի յուրաքանչյուր վայրկյանի մեջ: Բեմում մեր աշխարհահռչակ ու հայրենահռչակ անուններն էին` Հասմիկ Պապյան, Գեղամ Գրիգորյան, Էդուարդ Թադևոսյան, Վահագն Հայրապետյան, Արտո Թունջբոյաջյան, Գոռ Սուջյան, Գագիկ Գինոսյան, Գևորգ Հակոբյան, Դավիթ Ամալյան, այլք: Բեմը դարձել էր ազգի փրկության ու վերածննդի հրամայականը հնչեցնող տարածք, ամենաքնարականից մինչև ամենախրոխտ երգն ու խոսքը` ազգովին սթափվելու մարտակոչ: Երեկոյի ընթացքում չհնչեց ոչ մի անուն, բոլոր անունները ստորադասված էին Մոնթեի անվանը: Երեկոն Մոնթեի, Գրիգոր Նարեկացու, Կոմիտասի, Բարսեղ Կանաչյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Չարենցի, Շիրազի, Սահյանի, հայ ազգային երգ ու պարի համահավաք հաղթահանդեսն էր:
Մոնթեի` «Ես կվերադառնամ» հուսադրող-զգաստացնող խոստմամբ շնչող օպերայի դահլիճում, այնուամենայնիվ, բազում անուններից համերգավար Արսեն Ղազարյանն առանձնացրեց ու հնչեցրեց մեկ անուն` Ալեք Ենիգոմշյան («Մոնթե Մելքոնյան» ՀԿ-ի տնօրեն, ԱՍԱԼԱ-ի նախկին անդամ): ՈՒ ես ուրախությամբ ինքս ինձ համար ևս մեկ անգամ արձանագրեցի, որ մեր հասարակությունը, փաստորեն, կարողանում է նաև միաձույլ լինել. ողջ դահլիճն ինքնաբուխ ոտքի կանգնեց ու տևական ծափերով ողջունեց այդ մեծ երազողին, որը չի վախեցել ամենաթանկ զոհաբերության գնով իր երազանքին մարմին տալուց: Մե՛ր երազանքին:
«Ծնունդդ շնորհավո՛ր, Մոնթե՛: Ժողովուրդը սիրում է քեզ, դու լավ գիտես: Շնորհակալություն քեզ, որ եղել ես ու կաս… Դու ցույց տվեցիր, որ հնարավոր է կյանքում հաղթանակ ունենալ նյութական արժեքի նկատմամբ և դրանով հանդերձ ոչ թե չլինել աղքատ, այլ լինել աշխարհի ամենահարուստ մարդը: Դու ցույց տվեցիր, որ իսկական հարստությունը ոգու հարստության մեջ է, ժողովրդի սիրո մեջ է, հայրենիքի, հայրենի հողի, բնության, ջրի, անտառի, երեխայի, մտավորականի, գյուղացու, բանվորի սիրո մեջ է… Այս երեկոն քո երեկոն է, քո ուզած Հայաստանի երեկոն է: Բայց սրանով հանդերձ դու գիտես, որ այսօրվա մեր իրականությունը այս դահլիճում, այս ժամերին տիրող իրականությունը չէ: Դու անհանգիստ ես, այդ պատճառով ասել ես, որ վերադառնում ես: Եվ ճիշտ ես անում, որովհետև տեսնում ես, որ այն Հայաստանը, որի համար քսան տարի առաջ երդվեցիք դու և քո նահատակ ու կենդանի ընկերները, այսօր այն չէ, մենք այդ նույն Հայաստանում չենք բնակվում… Վերադարձի՛ր, մեզ ո՛ւժ տուր, ապացուցի՛ր մեր ժողովրդին, որ այսօրվա տիրող տխեղծ վիճակը մեր ժողովրդին վայել վիճակ չէ, օգնի՛ր, որ վերադարձնենք մեր մարդկային և ազգային արժանապատվությունը… Վերադարձի՛ր, Մոնթե՛… Դու արժանի ես այս գնահատականին: Բայց մտածում ես. «Իսկ ո՞ւր են իմ ընկերները, ինձ հետ գնացած ընկերները` Լեոնիդը, Աշոտը, Վլադիմիրը, Դուշմանը, Թաթուլը, Պետոն, ուրիշները… Ինչո՞ւ եք միայն ինձ հիշում»: Դու ճիշտ ես... Մոնթե՛, հավատա, որ այսօր Հայաստանում կա սերունդ, որ քո երդման անթերի կերտողն է: Եվ այդ սերունդը որոշել է ոչ ոքի թույլ չտալ խժռել մեր հայրենիքը: Ո՛չ ոքի: Ով էլ որ լինի նա: Արտաքին թշնամի, թե ներքին թշնամի»,- ասաց Ալեքը` ի լուր դահլիճի և ողջ աշխարհի:
Անչափ կցանկանայի ոչ մի բացասական նոտա չհնչեցնել այդ երեկոյի առնչությամբ, բայց լրագրողի ամենատես աչքն ու ականջը անհնար է փակել: Չեմ կարող ցավով չնշել, որ, ի տարբերություն համերգի անթերի ու բարձրարժեք ծրագրի, խայտառակորեն փնթի էր կազմակերպված աշխատանքը բեմում: Բեմի վարագույրը դադարել էր իրականացնել իր գործառույթը, փոխարենը դահլիճի լայնքով ու երկայնքով խառնաշփոթ վազքի մեջ էին սևազգեստ բանվորները, որոնք անզուգական թափթփվածությամբ ու անփութությամբ տարուբերում էին աթոռներն ու բարձրախոսները, նոտակալներն ու նոտաները: Համերգի առաջին բաժնից հետո ես մի կերպ կարողացա իմ մեջ լռեցնել այս անառողջ դիսոնանսի տպավորությունները և ինքս ինձ խոստացա ոչ մի բառ չգրել այդ մասին, մանավանդ որ երկրորդ բաժնում, այնուամենայնիվ, ինչ-որ քայլ կատարվել էր բեմի իրարանցումը մեղմելու ուղղությամբ: Սակայն իրադարձությունները դասավորվեցին ոչ ի նպաստ իմ լռության: Երբ Կոմիտասի անվան քառյակի ելույթից հետո բանվորները դուրս էին տանում նոտակալը, նոտաթերթերից մեկն ընկավ հատակին: Հնարամիտ բանվորը ոչ միայն հարկ չհամարեց անմիջապես բարձրացնել այն, այլև բեմից դուրս հանեց` ուղղակի ոտքով տշելով: Հետաքրքիր է` կհանդգնե՞ր այդ հնարամիտը նույն կերպ վարվել պալատական երաժիշտներից որևէ մեկի համերգի ժամանակ, կառավարական օթյակում բազմած ղեկավարների ներկայությամբ, որոնք, ի դեպ, զարմանալի համախմբվածությամբ բացակայում էին Մոնթեին նվիրված երեկոյից:
Ի՜նչ արած, առայժմ սա է մեր իրականությունը, ու Մոնթեն իր մշտարթուն ներկայությամբ, իր հավերժ վերադարձով մեզ օգնելու է, որ խմբագրենք այս իրականությունն ու վերադարձնենք ինքներս մեզ:
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ